Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
COVID-19 Travel | Updates: Our Commitment to Cleanliness
Book now

7 վայր Երևանում՝ անմոռանալի հանգստյան օրեր անցկացնելու համար

 

Պահպանված հնագույն սեպագիր արձանագրությունների համաձայն ` մ.թ.ա. 782 թ.-ին Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ն ներկայիս Երևանի տարածքում հիմնել է Էրեբունի բերդը և բնակավայրը, որը կարճ ժամանակահատվածում վերածվել է ծաղկուն քաղաքի: Քաղաքը, դարերի ընթացքում դիմակայելով աղետներին, օտար զավթիչների արշավներին և կոտորածներին, 1991 թ.-ին հռչակվեց որպես անկախ Հայաստանի մայրաքաղաք և գլխավոր խորհրդանիշ:

Երևանի հետ ծանոթությունը լավագույնս սկսելու համար հանգստյան օրերին զբոսնե՛ք քաղաքի արևոտ փողոցներում (այստեղ արևոտ օրերի թիվը ռեկորդային է` տարվա ընթացքում 300 օր): Մենք առաջարկում ենք ձեզ այցելել հետևյալ յոթ վայրերը՝ Հայաստանի մայրաքաղաք կատարած ձեր ճամփորդությունից առավելագույն հաճույք ստանալու համար:

1. Սկսե՛ք ձեր զբոսանքը՝ այցելելով Հայաստանի պատմության թանգարանը և ծանոթանալով Հայաստանի և նրա մայրաքաղաքի հարուստ պատմության հետ: Հանրապետության հրապարակի կենտրոնում գտնվող այս հոյակերտ թանգարանում պահվում են բրոնզե դարի առարկաների մեծ հավաքածու, սեպագիր արձանագրություններ (այդ թվում  նաև Էրեբունի ամրոցի սեպագրերը), կերամիկական իրեր, զենքեր, մետաղադրամներ և մշակութային արժեք ներկայացնող մի շարք այլ ցուցանմուշներ: Սա իսկական դրախտ է պատմության սիրահարների համար:

2. Հրապարակից քիչ հեռու` Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում, ձեզ իր ողջ հմայքով կներկայանա Կաթողիկե եկեղեցին` միակ պահպանված միջնադարյան եկեղեցին Երևանում, որը կառուցվել է դեռևս 13-րդ դարում: Միջնադարյան մատուռի և նույն ոճով վերջերս կառուցված մեծ տաճարի հարևանությունը հետաքրքիր համադրություն են ստեղծում:

3. Պարտադիր այցելության վայրերից մեկը Երևանի փոքր կենտրոնում գտնվող Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է և նրա  շրջակայքը: Շենքի բացումով 1933 թ.-ին Հայաստանի մշակութային կյանքում նոր դարաշրջանի սկիզբ դրվեց: Երաժշտասերների համար հաճելի նորությունն այն է, որ հայտնի երաժիշտների ու  նվագախմբերի ելույթների տոմսերն այստեղ կարելի ձեռք բերել ավելի ցածր գներով, քան եվրոպական ցանկացած այլ քաղաքում:

4. Ֆրանսիայի հրապարակով դեպի հյուսիս քայլելով, այնուհետև Թամանյան փողոցով իջնելով՝ դուք կհայտնվեք արդեն մոդեռն Երևանի սրտում` Գաֆեսճյան քանդակների այգում (Կասկադ համալիրում) և Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Կասկադ համալիրի տարածքում կարելի է հանդիպել միջազգային ճանաչում ունեցող քանդակագործների հեղինակած բազմաթիվ քանդակների և հուշարձանների, ինչպես նաև վայելել հանգիստը այստեղ գտնվեղ բացօթյա սրճարաններում: Շարժասանդուղքներով վեր բարձրանալով՝ կարելի է հիանալ ժամանակակից արվեստի նմուշներով, իսկ վերջում վայելել համալիրի ամենաբարձր կետից բացվող քաղաքի անկրկնելի համայնապատկերը:

 

5. Այժմ ժամանակն է որոշ հուշանվերներ գնել՝ այցելելով արվեստի գործերի բացօթյա ցուցահանդես-վաճառք՝Վերնիսաժ, որտեղ կարելի է ձեռք բերել հետաքրքիր և գեղեցիկ իրեր՝ խեցեղեն, ասեղնագործ աշխատանքներ, փայտե և քարե քանդակներ, գորգեր և ավանդական խաչքարեր, ինչպես նաև արծաթյա զարդեր և այլն: Այս յուրահատուկ հուշանվերներով դուք կզարմացնեք և կուրախացնեք ձեր հարազատներին, և ինքներդ ձեզ կհարցնեք՝ արդյո՞ք դրանք արհեստի, թե արվեստի գործեր են:

 

6. Քաղցա՞ծ եք: Հոգ չէ́. «Վերնիսաժի» հարևանությամբ է գտնվում Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցը, որտեղ կարելի է համտեսել տեղական խոհանոցի անուշաբույր ուտեստները: Թե՛ մսի սիրահարները և թե՛ բուսակերները ռեստորանի ճաշացանկում իրենց քիմքին հարմար ուտելիք կգտնեն: Չմոռանաք համտեսել նաև հայկական ամենաինքնատիպ խմորողենը՝ գաթան, որը պատրաստվում է խորիզով (ալյուրից, կարագից  և շաքարավազից ստացվող լցոնով): Քաղաքի սրտում գտնվող այս հյուրանոցը հոյակապ ընտրություն է նաև երկարատև այցելություն կատարելու դեպքում՝ լինի դա աշխատանքային այց, թե հանգիստ:

 

7. Այսպիսով, մենք վերադարձանք այնտեղ, որտեղից սկսել էինք մեր ճանապարհը՝ Հանրապետության հրապարակ: Երեկոյան ժամերին զբոսանքի ընթացքում ձեզ հաճելի անակնկալ է սպասվում. ժամը 9-ից  հրապարակի շատրվանները ցուցադրում են աննկարագրելի լուսային և ձայնային ներկայացում: Մթության մեջ ջրի շիթերը գունային վառ երանգներով երգում և պարում են ամենատարբեր ոճի երաժշտության ներքո: Ինչպես ասում են՝ Երևանն իսկապես գեղեցիկ է, նամանավանդ գիշերով:

 

Երևանն այն քաղաքներից է, որտեղ ամենատարբեր նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկները կարող են վայելել իրենց հանգիստն ու ժամանցը: Այցելե՛ք ինքներդ և կհամոզվեք, որ Հայաստանի մայրաքաղաքը դեռևս քիչ բացահայտված, բայց արտակարգ ջերմ և հյուրընկալ քաղաք է տարվա ցանկացած եղանակի:

 

Տեքստը՝ AmatuniCopywriting 

Որոնել