Հայաստանն ավելի ու ավելի ճանաչված է դառնում զբոսաշրջության համաշխարհային քարտեզի վրա: Եվ դա բնական է. մշակութային և պատմական հարուստ ժառանգություն ունեցող և իր հյուրասեր ու սրտաբաց մարդկանցով հայտնի այս զարմանալիորեն բազմազան լեռնային երկիրը տարվա ցանկացած եղանակին զբոսաշրջիկին առաջարկելու շատ բան ունի: Իսկ երկրի գեղատեսիլ բնությունը և տարվա ընթացքում 300-ից ավելի արևային օրերը հաճելիորեն կզարմացնեն ցանկացած ճանապարհորդի:
Անկախ նրանից, թե դուք արշավների և անկրկնելի տեսարանների սիրահար եք, թե նախընտրում եք անմոռանալի արկածներով լի ժամանցը կամ պարզապես ձգտում եք բացահայտել հնագույն աշխարհի գաղտնիքները՝ ուսումնասիրելով պատմությունը, այս ուղղությունը հենց ձե՛զ համար է նախատեսված: Իսկ համեղ ուտելիքների ամենաքմահաճ սիրահարներն անգամ ցանկություն կհայտնեն վերադառնալ Հայաստան՝ տեղական խոհանոցի համեղ ուտեստները կրկին փորձելու: Ցանկացած պարագայում, ձեզանից ընդամենը պահանջվում է հնարավորինս շուտ ամրագրել դեպի Երևան մեկնող ինքնաթիռի տոմս, հավաքել իրերը, և ահա՝ դուք տեղում եք:
Եթե ձեզ հետաքրքիր են մանրամասները, միասի՛ն պարզենք, թե ինչպիսին կարող է լինել զբոսաշրջիկի այցելությունը Հայաստանի 3 հյուսիսային մարզեր՝ Գեղարքունիք, Տավուշ և Լոռի: Ձեզ միանշանակ կհետաքրքրեն նաև մեր առաջարկությունները՝ Հայաստանի հարավային մարզերում ճանապարհորդությունը շարունակելու համար: (Պարզապես հետևե՛ք մեր բլոգին, և մենք կուղղորդենք ձեզ):
1. Մագլցե՛ք Գեղամալեռները՝ բացահայտելու նրանց գաղտնիքները(Գեղարքունիքի մարզ)
Արդյոք գիտեի՞ք, որ Հայաստանն այս տարի ընդգրկվել է CNN Travel ամսագրի հրապարակած՝ արշավների համար նախատեսված 23 լավագույն վայրերի ցանկում: Մեկ այլ հեղինակավոր ինտերնետային հրատարակություն՝ Walks Worldwide-ը, նույնպես անդրադարձել է այստեղի բացառիկ զբոսուղիներին: Տեսարժան վայրերն իսկապես շատ են, սակայն Գեղարքունիքի մարզի հետ ծանոթությունն անհրաժեշտ է սկսել Գեղամա լեռներում արշավների տարբերակներ դիտարկելուց:
Գեղամա լեռներ արշավի մեկնելիս (լեռնաշղթայի երկարությունը կազմում է 70 կմ, իսկ լայնությունը՝ 48 կմ) դուք կկտրվեք քաղաքակրթության աղմուկից և քաղաքի թոհուբոհից՝ ազատելով ձեր միտքն առօրյա հոգսերից, և ոգեշնչման նոր աղբյուրներ կգտնեք:
Աժդահակ լեռը լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է: Այն ծովի մակարդակից ավելի քան 3000 մետր բարձրության վրա է: Հանգած հրաբխի այս խառնարանը ամենաանհավանական տեսարաններից է, որ հնարավոր է տեսնել Հայաստանի տարածքում: Խառնարանում է գտնվում անհավանական գեղեցկության լիճ, որտեղ մշտապես թափվում են Գեղամա լեռներից հոսող սառնորակ ջրերը: Հրաբխից դեպի հարավ ընկած տարածաշրջանն իր հերթին հայտնի է բազմաթիվ ժայռապատկերներով, որոնք ի թիվս այլոց արտացոլում են արդեն անհետացած և դեռևս գոյություն ունեցող կենդանիների, որսի և կռվի տեսարաններ, ինչպես նաև պատկերում են արևի, լուսնի, աստղային համաստեղությունների և այլ տիեզերական մարմինների տեսարաններ: Ժայռապատկերներից բացի, գագաթի լանջերին մի շարք վիշապաքարեր կարելի է տեսնել: Վիշապաքարերը մարմնավորում են հայ ժողովրդական բանահյուսության դիցաբանական կերպարների՝ վիշապների, որոնք արգելափակում էին ջրի աղբյուրները՝ մարդկային զոհաբերություններ պահանջելով:
Եթե արդեն ոգևորված եք Գեղարքունիքի մարզ մեկնելու գաղափարով, ձեր հանգստի համար ընտրե՛ք Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցը, իսկ հյուրանոցի շրջակա տարածքն ուսումնասիրելու համար նախընտրությունը տվե՛ք զբոսաշրջավարների ուղեկցությամբ կազմակերպվող արշավներին:
2. Վայելե՛ք Դիլիջանը և դրա շրջակայքը (Տավուշի մարզ)
Տավուշի մարզում գտնվող գողտրիկ Դիլիջանը հաճախ «Հայաստանի փոքրիկ Շվեյցարիա» են անվանում: Գարնանը և ամռանը Դիլիջան գալով՝ դուք կհասկանաք, որ այն այդպիսի համբավ ձեռք է բերել մաքուր օդի, անկաշկանդ միջավայրի և իհարկե, անտառապատ լեռների շնորհիվ: Այս գեղատեսիլ քաղաքը ժամանցի այլ տարբերակներ ևս կարող է առաջարկել: Այսպես, օրինակ, դուք կարող եք զբոսնել քաղաքի կենտրոնում` Հին Դիլիջան համալիրում՝ մտովի տեղափոխվելով 19-րդ դարի Հայաստան:
Եթե ժամանցի այլ ձևեր եք նախընտրում, առաջարկում ենք հետևյալ տարբերակներից մեկը.
Բնությանը և տեղի պատմությանը ավելի մոտ ծանոթանալու համար կարող եք մեկնել Դիլիջան ազգային պարկ (որը քաղաքից մոտ 20 րոպե հեռավորության վրա է), որտեղ կարող եք վայելել Պարզ լճի և դրա շրջակայքի գեղեցկությունն ու հանդարտությունը: Իսկ ակտիվ հանգստի սիրահարների համար պարկի տարածքում գործում է զիփլայն, որի բարձրությունից հիանալի տեսարան է բացվում: Այստեղ դուք կարող եք նաև մասնակցել արշավների և ձիավարման դասընթացների, որոնք նախատեսված են նաև սկսնակների համար:
Ի վերջո, Դիլիջանի անմիջական հարևանությամբ են գտնվում միջնադարյան հայկական ճարտարապետության երկու գոհարները՝ Հաղարծինը և Գոշավանքը: Այս հոյակերտ վանքերի տարածքում են գտնվում հայկական խաչքարերի յուրահատուկ օրինակներ:
3. Հիացեք՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված տեսարժան վայրերով և զարմանահրաշ Դեբեդի կիրճով (Լոռու մարզ)
Իսկ այժմ կարող եք ուղևորվել դեպի գեղատեսիլ Լոռի: Փարթամ բնությունից և մեղմ կլիմայից բացի՝ այս տարածաշրջանը հայտնի է իր հարուստ մշակույթով և պատմությամբ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված երկու գոհարներով՝ Սանահին և Հաղպատ վանքերով: (Ի դեպ, մեր նախորդ գրառումներից մեկում մենք ներկայացրել ենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական մշակութային ժառանգության մյուս գլուխգործոցները):
Միջնադարյան հայկական ճարտարապետության այս երկու գանձերը, ինչպես նաև Ախթալան, Քոբայրը, Քառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը, վեհաշուք տեսքով կանգնած են Դեբեդ գետի ափին: Տարիների ընթացքում այս շրջանը հայտնի է դարձել նաև էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների շրջանում: Արագընթաց Դեբեդը հիանալի վայր է ռաֆթինգի համար: Այսպիսով, եթե մշակութային և պատմական վայրեր այցելելուց հետո ադրենալինի պակաս զգաք, ընտրե՛ք գետի վրա հնարավոր էքստրեմալ սպորտաձևերից մեկը:
Իհարկե, սա Հայաստանում առաջարկվող զբաղմունքների ամբողջական ցանկը չէ: Հետևե՛ք մեր բլոգին և տեղեկացված կլինեք Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերի, ինչպես նաև դեռևս քիչ բացահայտված ուղղությունների մասին:
Տեքստը՝ AmatuniCopywriting
Նկարները՝ www.google.com