Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
COVID-19 Travel | Updates: Our Commitment to Cleanliness
Book now

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության հայկական գոհարները - մաս 1

Հայաստանը բնական և մարդակերտ հրաշալիքների երկիր է, որտեղ կարելի է հիանալ ձյունածածկ լեռներով և ծաղկած հովիտներով, զմայլվել հնագույն եկեղեցիներով և ամրոցներով, ինչպես նաև համտեսել տեղական խոհանոցի համեղ ուտեստները: Ավելին, դուք կարող եք ծանոթանալ Հայաստանի հազարամյա ավանդույթների հետ, որոնցից շատերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում` մեծ արժեք ներկայացնելով համաշխարհային մշակութային ժառանգության համար: Ոգեշնչվեցի՞ք: Դե ուրեմն ժամանակն է բացահայտել Հայաստանի բոլոր  հրաշալիքները մեկ առ մեկ:

1. Քոչարի` անպարտելիների պարը

Քոչարին հայկական ծիսական պար է, որը ծագում է հեթանոսական ժամանակներից և ունի ավելի քան երկու հազարամյա պատմություն: Ի սկզբանե այս ծիսական պարը նվիրված էր  պաշտամունքի կենդանի հանդիսացող խոյին, որին հնում երկրպագում էին և համարում ուժի, պայքարի և հաղթանակի խորհրդանիշ: Պարողներն իրենց մարմիններով անառիկ պատ են կազմում և ուս ուսի տված պարում ռիթմիկ շարժումներով այնպիսի խրոխտ մեղեդու ներքո, որը ոգեշնչում է և ստիպում միանալ պարին: Քոչարին նաև զինվորական ծիսական պար էր համարվում և ծառայում էր պարողներին միավորելու, նրանց մարտական ոգին բարձրացնելու և թշնամուն ահաբեկելու համար: Երկրի տարբեր մասերում գոյություն ունեն քոչարի պարերի բազմաթիվ տարատեսակներ: Մեր օրերում քոչարին բոլոր հարսանիքների, տոնակատարությունների և փառատոնների պարտադիր մասն է կազմում և միավորում է տարբեր տարիքի տղամարդկանց և կանանց, որոնք պարում են ձեռք ձեռքի և ուս ուսի տված` իրենց նախնիների երաժշտության ուղեկցությամբ: Երբ լինեք Հայաստանում, բաց մի՛ թողեք այս հզոր պարը դիտելու և որոշ հետաքրքիր պարային շարժումներ սովորելու հնարավորությունը:

2. Լավաշ` Հայաստանի հյուրընկալության համը

Լավաշը ավանդական հայկական հացն է: Որքան էլ պարզ է լավաշի բաղադրատոմսը (խմորի բաղադրության մեջ մտնում են միայն ջուր, ալյուր և աղ), թխելու գործընթացն շատ հետաքրքիր ծես է և մեծ աշխատանք ու թիմային ոգի է պահանջում: Ավանդաբար, լավաշը 3-4 կանանցից բաղկացած խումբ է թխում, և նրանցից յուրաքանչյուրն իր դերակատարումն ունի այս գործընթացում. մեկը խմորն է հունցում, մյուսն այն բարակ շերտերի է բաժանում, երրորդը՝ ամրացնում ավանդական կավե վառարանի պատին, որը թոնիր է կոչվում (այն գետնի մեջ փորված և կավով կամ աղյուսով սվաղած խոշոր գլանաձև փոս է), որն օգտագործվում է նաև պատրաստված հացերի պահպանման համար: Լավաշի յուրահատկությունը կայանում է նաև նրանում, որ այն սովորաբար մեծ քանակությամբ են թխում, և անգամ երկար ժամանակ անց այն պահպանում է իր թարմությունն ու եզակի համը: Լավաշը հայկական մշակույթի մեջ բարեկեցիկ կյանքի խորհրդանիշներից մեկն է. ցանկացած առիթով, լինի դա ընտանեկան ընթրիք, պաշտոնական ընդունելություն թե հարսանեկան արարողություն, սեղանին պարտադիր մատուցվում է այս նրբահամ հայկական լոշիկը: Եթե ցանկանում եք մասնակցել իսկական հայկական ծեսի, փորձե՛ք ձեր ուժերը լավաշի խմորի պատրաստման գործում և ապա համտեսե՛ք այն. Թարմ լավաշի մեջ փաթաթված տեղական գյուղական պանիրն ու կանաչիներն (սա բրդուճն է` հայկական սենդվիչը) այնքա՜ն համեղ են:

3. «Սասնա ծռեր»`հայ ժողովրդի անպարտ ոգու էպոս

«Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսը վիպական բանահյուսություն ժանրի հերոսական ասք  է, որն կենդանի և գրավիչ ոճով ներկայացնում է հայ ժողովրդի փառահեղ պատմությունը և օտար զավթիչների դեմ մղած դարավոր պայքարը: Էպոսի ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է` պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի` իր ոսոխների դեմ մղած դարավոր պայքարով: Էպոսը նաև հայկական ժողովրդական ավանդույթների անգին հավաքածու է` համեմված ժողովրդի առօրյա կյանքի նկարագրություններով, նրա տարբեր բարբառներով և տարածաշրջանային առանձնահատկություններով: Ավանդաբար, էպոսի բովանդակությունը սերնդեսերունդ փոխանցվել է բանավոր խոսքի միջոցով և առաջին անգամ գրի է առնվել 19-րդ դարում: Ոգեշնչվելով էպոսից` շատ հայ նկարիչներ և քանդակագործներ հետագայում արվեստի մեծ գործեր են ստեղծել, իսկ նրա սյուժեն որպես հիմք է ծառայել բազմաթիվ բեմականացումների և թատերական ներկայացումների համար:

4. Խաչքարեր`հայ ժողովրդի հավատքի խորհրդանիշ

Խաչքարագործությունը հայ ժողովրդական ար­վես­տի յուրահատուկ դրսևորումներից է: Խաչքարերը ուղղահայաց քանդակներ են, որոնց վրա փորագրված խաչի, ինչպես նաև զարդանախշերի ու խորհրդանշանների շնորհիվ դրանք համարվել են ծեսերի ու պաշտա­մուն­քների առարկաներ, միևնույն ժամանակ լինելով ճարտարապետական փոքր կոթողներ և ծառայելով որպես տապանաքարեր: Խաչքարագործության ակունքները սերում են դեռևս 4-րդ դարից, երբ  Հայաս­տա­նում քրիստոնե­ությունն ընդունվեց որպես պետական կրոն: Դարերի ընթացքում խաչքարագործների վարպետությունը վերածվել է յուրօրինակ մի ոճի, որի շնորհիվ կերտվում են կրոնական և ազգային խորհրդանիշերը միահյուսող արվեստի իրական գործեր: Ավանդության համաձայն` իսկական խաչքարագործը երբեք չի կրկնում արդեն օգտագործված նմուշները, ինչի արդյունքում ողջ Հայաստանի տարածքում ստեղծվել են խաչքարերի բազմաթիվ և բազմազան տարբերակներ: Հայաստանում ճանապարհորդելիս բաց չթողնե՛ք դարերի խորքից եկող և երկրի հոգևոր խորհրդանիշները կրող այս գեղեցիկ խաչքարերը տեսնելու հնարավորությունը:

5. Դուդուկ` հայի հոգու երաժշտությունը

Հայերը հաճախ ասում են, որ դուդուկի երաժշտությունն հայի հոգու ձայնն է: Հավանաբար, այդ պատճառով դժվար է գտնել մի հայի, ով անտարբեր կմնա դուդուկի մեղեդին լսելիս: Դուդուկը փողային գործիք է, որը  սովորաբար պատրաստվում է ծիրանի փայտից: Դուդուկի մեղմ և մեղեդային հնչյուննները հիմնականում օգտագործվում են լիրիկական, տխուր կամ դրամատիկ ստեղծագործություններում, ինչպես նաև ժողովրդական պարերի և երգերի մեջ: Չնայած գործիքի թվացյալ պարզությանը, այն կարող է վերարտադրել ձայնային տոների լայն բազմազանություն, որոնք փոխանցում են հայկական ժողովրդական երաժշտության ողջ պատմությունը: Վերջին տարիներին դուդուկի երաժշտությունը լայն տարածում է գտել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, այդ թվում նաև հնչելով հոլիվուդյան հայտնի ֆիլմերում (օրինակ, օսկարակիր «Գլադիատոր» ֆիլմում): Երբ լինեք Հայաստանում, ունկնդրե՛ք դուդուկի անկրկնելի ելևեջները և փորձե՛ք ինքներդ նվագել այս պարզ և հոգևոր գործիքը:

 

Հայաստանն իսկապես լի է պատմական և մշակութային գանձերով, հետաքրքրաշարժ ավանդույթներով և ծեսերով, որոնք դեռ ամբողջապես բացահայտված չեն: Մի՛ հետաձգեք ձեր ճամփորդությունը դեպի այս հոյակապ երկիր, այն ձեզ կպարգևի անկրկնելի տպավորություններ և ողջ կյանքի ընթացում չխամրող հիշողություններ:

 

Տեքստը՝ AmatuniCopywriting 

Որոնել