Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
COVID-19 Travel | Updates: Our Commitment to Cleanliness
Book now

Ինչպես անմոռանալի ձմեռ անցկացնել Դիլիջանում. ժամանցի լավագույն 5 տարբերակները

Դիլիջանը գերում է իր անկրկնելի գեղեցկությամբ. իզուր չէ, որ հաճախ այն «Հայաստանի փոքրիկ Շվեյցարիա» են անվանում: Աներևակայելի հմայք ունեցող այս փոքրիկ քաղաքը տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ Տավուշի մարզում: Տարվա ցանկացած եղանակի այն առաջարկելու շատ բան ունի ամենատարբեր նախընտրությունների տեր այցելուներին, սակայն ձմռանը նրա գրավչությունն առանձնահատուկ է: Քաղաքի հին եւ գողտրիկ կառույցները, միջնադարյան եկեղեցիների գմբեթները և լեռների ձյունապատ գագաթները հեքիաթային միջավայր են ստեղծում, իսկ Դիլիջանի տաքուկ սրճարանները,  բարձրակարգ ռեստորանները և հարմարավետ հյուրանոցները անմոռանալի ժամանցի բազմազան տարբերակներ են առաջարկում:

Աշխարհի հնագույն երկրներից մեկի՝ Հայաստանի մաս լինելով՝ Դիլիջանը և նրա հարակից ողջ տարածքը հայտնի են իրենց հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, որին կարելի է ծանոթանալ նաև ձմռանը: Եվ սա դեռ ամենը չէ: Տեղացիների և զբոսաշրջիկների համար հայտնի հանգստավայր լինելուց զատ՝ Դիլիջանը միտում ունի դառնալու երկրի ֆինանսական և կրթական կենտրոններից մեկը:

Արդեն ոգեշնչվե՞լ եք Դիլիջան գալու մտքից: Եթե նախատեսում եք Հայաստան այցելել դեկտեմբեր-փետրվար ամիսներին, առաջարկում ենք օգտվել հետևյալ տարբերակներից:

   1. Զգացե՛ք քաղաքի շունչը՝ զբոսնելով Հին Դիլիջան համալիրի տարածքում

Հակիրճ ծանոթանանք քաղաքի պատմությանը. 19-րդ դարի սկզբին Դիլիջանը ծաղկուն մշակութային և առևտրային կենտրոն էր՝ իր յուրօրինակ խոհանոցով և ավանդույթներով: Քաղաքին հատուկ էր աշխույժ բազմամշակութային կենսակերպը, քանի որ իր հրապուրիչ բնատեսարանների շնորհիվ այն գրավում էր տարածաշրջանի հարուստ հանգստացողներին: 2004 թ.-ին Թուֆենկյանի շնորհիվ  վերակառուցվեց Դիլիջանի պատմական թաղամասը՝ Շարամբեյան փողոցը, վերականգնվեց նրա երբեմնի ճարտարապետական տեսքը:

Հին Դիլիջան համալիրում է գտնվում նաև Եսայան թանգարանը, որը 19-րդ դարի Դիլիջանի մի տուն է, որտեղ կենցաղային գործվածքային պարագաների և ձեռագործ երաժշտական գործիքների միջոցով ստեղծվել է 20-րդ դարասկզբին հատուկ մթնոլորտ: Զբոսնելով և ուսումնասիրելով հին քաղաքի շենքերը՝ կարող եք հուշանվերներ ձեռք բերել այստեղի  մասնագիտացված խանութներից և արհեստանոցներից, որոնք վաճառում են ինչպես զարդեր, հագուստ, գորգեր, կերամիկական և փայտե աշխատանքներ, այնպես էլ դեկորատիվ-կիրառական արվեստի հետաքրքիր նմուշներ:

 

   2Ծանոթացե՛ք Դիլիջանի ֆինանսական և կրթական կենտրոնների հետ

Դիլիջանը ավանդաբար հայտնի է եղել որպես ամառային և ձմեռային հանգստավայր ինչպես տեղացի, այնպես էլ արտերկրից ժամանող հանգստացողների համար: Սակայն վերջին տասնամյակում քաղաքը ֆինանսական և կրթական կարևորագույն կենտրոն է դարձել, և այստեղ ձգտում են կրթություն ստանալ ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններից ժամանած ուսանողները: Այստեղ են գտնվում Հայաստանի Կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնը, ինչպես նաև Դիլիջանի UWC միջազգային քոլեջն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:
Եթե ցանկանում եք այցելել քոլեջների միջազգային ցանցի մաս կազմող Դիլիջանի UWC քոլեջը, ինչպես նաև իր տեսակի մեջ եզակի երիտասարդական ստեղծագործական և տեխնոլոգիական կենտրոն հանդիսացող ԹՈՒՄՈ-ն, հարկավոր է նախապես ամրագրել ձեր շրջայցը:

 

   3. Բացահայտե՛ք հարուստ պատմական և մշակութային ժառանգությունը

Երբ հայտնվեք Դիլիջանում, շրջագայություն կատարեք դեպի քաղաքի մերձակայքում գտնվող եկեղեցիներ: Այստեղ դուք կգտնեք միջնադարյան հայկական ճարտարապետության մի քանի անգին գոհարներ`Հաղարծին (10-13-րդ դդ.) և Գոշավանք (12-13-րդ դդ.) վանական համալիրները:

Նախկինում նշանակալի կրթական և կրոնական կենտրոններ լինելով՝ այս վանական համալիրներն այսօր էլ գրավում են այցելուներին իրենց յուրովի հոգևոր միջավայրի և եզակի ճարտարապետության՝ այդ թվում նաև միջնադարյան հայկական խաչքարերի շնորհիվ: Ի դեպ, հայկական խաչքարերի խորհուրդը և ստեղծման արվեստը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:

    

 

   4. Վայելե՛ք հայկական ինքնատիպ խոհանոցի ճաշատեսակները

Եթե քաղաքում երկար շրջագայություն կատարելուց հետո ցանկանում եք համեղ ուտեստներ համտեսել, այցելե՛ք Հին Դիլիջանի «Հայկանուշ» ռեստորանը. այստեղ ձեզ կառաջարկեն փորձել զանազան ազգային ուտեստներ` խորոված, քաբաբ, քուֆթա, տոլմա, սպաս, հարիսա, ինչպես նաև տեղական ավանդական քաղցրավենիքից կմատուցեն գաթան և հայկական փախլավան: Ռեստորանը կզարմացնի նաև լահմաջոյի բազմազանությամբ. Ռեստորանի շեֆ խոհարարը այս անուշահամ արևելյան ուտեստի 11 տեսակ է պատրաստում:

Պետք է նշել, որ ռեստորանի հոյակապ խոսհանոցը նրա միակ առավելությունը չէ. այստեղ ստեղծված մթնոլորտը ձեզ մտովի տեղափոխում է 19-րդ դարի Դիլիջան: Հյուրընկալ և ջերմ միջավայրի  ստեղծմանը նպաստում են նաև փայտե սյուներն ու ջահերը, ինչպես նաև Թուֆենկյանի հայտնի ձեռագործ գորգերը: «Հայկանուշ»  ռեստորանը հիրավի կառաջարկի ձեր քիմքին վայել խորտիկներ և հաճելիորեն կզարմացնի իր արտաքին տեսքով:

 

 

   5. Զմայլվե̒ք անկրկնելի բնությամբ և ստացե́ք ադրենալինի ձեր չափաբաժինը Դիլիջան ազգային պարկում

Անկախ նրանից՝ ճամփորդում եք միայնակ, թե ընկերների կամ ընտանիքի հետ, այցելե́ք Դիլիջան ազգային պարկը, հատկապես նրա ամենագայթակղիչ անկյունը՝ Պարզ լիճը: Ձմռան ցուրտ օրերին ձեզ կջերմացնի 1 բաժակ թեյը՝ հայկական ուրցով, իսկ Հին Դիլիջան համալիրից դուրս գալով և ընդամենը մի քանի կիլոմետր հաղթահարելով՝ դուք կհայտնվեք իսկական ձմեռային հեքիաթում: Շրջապատված փարթամ անտառներով և լեռների ձյունածածկ գագաթներով՝ առեղծվածային երկնքի տակ դուք կարող եք հանգստացնել ձեր միտքը և լսել սիրված երաժշտությունը (կամ ունկնդրել բնության կախարդիչ լռությունը): Իսկ եթե նախընտրում եք ակտիվ ձմեռային ժամանցի տարբերակները, կարող եք ձիավարել կամ թռչել Պարզ լճի երկայնքով ձգվող զիփլայնով:

 

   Ինչպես տեսնում եք, ձմռանը Դիլիջանը ոչ պակաս հմայիչ է, քան տարվա մյուս եղանակներին: Զարգացած հյուրընկալության ենթակառուցվածքի, պատմամշակութային տեսարժան վայրերի, ինչպես նաև հրաշագեղ բնության շնորհիվ դուք կցանկանաք ավելի երկար մնալ այստեղ և վայելել բոլոր հաճույքները:

 

 

Տեքստը՝ AmatuniCopywriting :

Որոնել