Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզը կզարմացնի ձեզ իր գեղատեսիլ լեռներով, հարուստ բուսականությամբ և փարթամ անտառներով, խորունկ կիրճերով, արագընթաց գետերով, հնագույն ճարտարապետական հուշարձաններով, ինչպես նաև տեղի բնակչության բարությամբ և հյուրասիրությամբ: Երևանից ընդամենը 3 ժամ հեռավորության վրա ձեզ սպասում են այնպիսի արկածներ և տպավորիչ ժամանց, որոնք ձեր արձակուրդը կդարձնեն անմոռանալի:
Լոռին հոյակապ է տարվա ցանկացած եղանակի, սակայն մենք խորհուրդ ենք տալիս այցելել այն ամռանը՝ քաղաքի տապից թաքնվելու լեռների զովացուցիչ ստվերներում և վայելելու այստեղի մաքուր օդը: Ահա ինչպիսի ժամանցի տարբերակներ կան այս աննկարագրելի վայրում:
Ծանոթացե՛ք Հայաստանի պատմությանը և ճարտարապետությանը Հաղպատի և Սանահինի վանքերում
Հաղպատի և Սանահինի վանական համալիրները կառուցվել են դեռևս 10-րդ դարում: Այս հոյակերտ վանքերը լավագույնս ներկայացնում են հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության ողջ շքեղությունը: Համալիրները բաղկացած են մի քանի եկեղեցիներից և օժանդակ շենքերից, որոնց արտաքին զարդարանքներում արտահայտված են ժայռապատկերների և հայկական խաչքարերի արվեստի լավագույն ավանդույթները: Վանքերը տեղակայված են բարձունքի վրա, որտեղից հիանալի տեսարան է բացվում Լոռու լեռներին: Այս վայրը լավագույն ընտրությունն է բոլոր նրանց համար, ովքեր ցանականում են ծանոթանալ երկրի պատմությանը և վյելել հանգիստը շքեղ բնության գրկում: Պատահական չէ, որ այս երկու վանքերն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: (Ի դեպ, մեր նախորդ հոդվածներից մեկում մենք պատմել ենք ցանկում ընդգրկված այս և այլ տեսարժան վայրերի մասին):
Համեմե՛ք ձեր հանգիստը ադրենալինովև սրընթաց նավարկե՛ք գետի հունով
Լոռու մարզի Դեբեդ եւ Ձորագետ գետերը վերջերս դարձել են ակտիվ հանգիստ նախընտրող մարդկանց սիրելի վայրը: Գեղեցիկ կիրճերով հոսող այս արագընթաց գետերը կատարյալ միջավայր են ռաֆթինգի և կիրճագնացության (canyoning) համար: Դուք կարող եք ընտրել տարբեր բարդության նավարկային տարբերակներից մեկը՝ մեկօրյա ուղևորությամբ կամ ճամբարում գիշերակացով: Սրընթաց վայրէջք կատարելով գետի հունով՝ դուք կարող եք վայելել հիանալի տեսարանները, ինչպես նաև փորձել թիմային աշխատանքի ձեր հմտությունները: Ռաֆթինգը ժամանցի հիանալի տարբերակ է՝ անկախ նրանից, թե դուք նախընտրում եք ձեր հանգիստն անցկացնել բնության սրտում, աշխատել թիմում, թե նախապատվությունը տալիս եք էքստրեմալ փորձառություններին:
Լեռնային արշավների ընթացքում զմայլվե՛ք բացվող հիասքանչ տեսարաններով
Լոռու լեռներում կարող եք գտնել ինչպես գծանշված, այնպես էլ ոչ հայտնի քայլուղիներ՝ նախատեսված տարբեր բարդության քայլարշավների համար: Համեմատաբար դյուրին և առավել հաճելի քայլուղիներից մեկը սկիզբ է առնում Օձուն գյուղից, հասնում է դեպի Հոռոմայր վանք և ավարտվում Քոբայրի վանքի մոտ: Այս ուղին ձեզ հնարավորություն կտա զմայլվել յուրահատուկ լեռնային ճանապարհով և միևնույն ժամանակ ուսումնասիրել հայկական ճարտարապետության եզակի հուշարձանները՝ Հոռոմայրի և Քոբայրի վանքերը:
12-րդ դարում կառուցված Հոռոմայր վանական համալիրը բաղկացած է մի քանի մատուռներից, որոնք մասնակիորեն ներկառուցված են ժայռերի և քարանձավների մեջ և զարդարված են հայկական խաչքարերով: Օձուն գյուղից այստեղ կարելի է հասնել մոտավորապես 2 ժամվա ընթացքում գծանշված քայլուղիով:
Հոռոմայր վանքին ծանոթանալուց հետո կարող եք շարունակել ճանապարհը դեպի հայկական ճարտարապետության մեկ այլ գլուխգործոց՝ Քոբայրի վանք, որն համեստորեն թաքնված է Լոռու անտառներում: Չնայած վանքը մասնակիորեն ավերված է, այն իր բնույթով եզակի է՝ շնորհիվ պատերի վրա պահպանված որմնանկարների: Վանքի տարածքից անկրկնելի տեսարան է բացվում դեպի կիրճը:
Փորձե՛ք ձեր ուժերնավելի բարդ հետիոտնային քայլարշավների ընթացքում
Եթե դուք նախընտրում եք ձեր հանգիստն անցկացնել բնության գրկում, այլ ոչ թե այցելել մշակութային տեսարժան վայրերը, ապա Լոռիում կարող եք ընտրել հետիոտնային քայլուղիների տարբերակներից մեկը՝ նախատեսված մեկօրյա ճամփորդության կամ հանգստյան օրերին հանգստի համար: Լոռու մարզը հատում են Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց և Հալաբի լեռնաշղթաները: Լեռնագնացների համար ամենանախընտրելի և համեմատաբար հեշտ բարձունքներից են Լալվար լեռը՝ Վիրահայոց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը (2,552 մ.); Ձիթանից լեռը, որը երբեմն Մայմեխ են անվանում (2,534 մ.), ինչպես նաև Աչքասար լեռը (3,196 մ.): Հիշեք, որ լեռներով անցնող արշավային ուղիները Հայաստանում միշտ չէ, որ քարտեզագրված են, այնպես որ, եթե դուք փորձառու զբոսաշրջիկ չեք, օգտվե՛ք զբոսավարի ծառայություններից:
Պարգևե՛ք ձեզ հանգիստ բարձրակարգ հյուրընկալության պայմաններում
Մշակութային հագեցած օրվանից, լեռնային արշավից կամ արկածներով լի ռաֆթինգից հետո անցկացրե՛ք ձեր հանգիստը Թուֆենկյան հյուրանոցների Ավան Ձորագետ հյուրանոցում և ծանոթացե՛ք հայկական հյուրընկալության լավագույն ավանդույթներին: Հյուրանոցը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին և զարմանալիորեն համադրում է ժամանակակից հյուրընկալության տարրերը ավանդական ձևավորման հետ: Այստեղի ռեստորանում և բացօթյա տաղավարում ձեզ կառաջարկեն ազգային և միջազգային խոհանոցների լավագույն ճաշատեսակները, հանգստի գոտում կարող եք վայելել ձեր սիրելի ըմպելիքը կամ պարզապես հանգստանալ փակ լողավազանում:
Գայթակղիչ է, այնպես չէ՞: Եթե ձեզ մոտ արդեն (կամ նորից) ճանապարհորդելու անհաղթահարելի ցանկություն առաջացավ, պարզապես հավաքե՛ք ձեր ճամպրուկները և ուղևորվե՛ք Հայաստան: Իսկ հետևելով մեր բլոգին՝ նոր և ոգեշնչող գաղափարներ կունենաք այն մասին, թե ուր մեկնել և ինչով զբաղվել այս հիասքանչ երկրում:
Տեքստը՝ AmatuniCopywriting
Նկարները՝ www.google.com